ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը ԱՄՆ-ում հանդիպել է կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Եպիսկոպոսը ԱՄՆ էր ժամանել Սիրիայի քրիստոնյա առաջնորդների հետ` ԱՄՆ օրենսդիրներին հետ Սիրիայի քրիստոնյաների վիճակը քննարկելու նպատակով:

«Եպիսկոպոս Նալբանդյանը և նրա գործընկերները ներկայացրին իրենց ժողովուրդների ծայրահեղ անապահով ու ահաբեկված կացությունը և Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին խնդրեցին արագացնել միլիոնավոր սիրիացիներին հատկացվող օգնությունը, ովքեր տուժել են քաղաքացիական պատերազմից, բայց շարունակում են մնալ Սիրիայում»,- ասել է Ադամ Շիֆը:

Կոնգրեսականը հայտնել է, որ Սիրիան և տեղի քրիստոնյաների վիճակը իր ուշադրության կենտրոնում են եղել Բաշար Ասադի դեմ բարձրացած ապստամբության հենց սկզբից:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանին իր կատարած բոլոր բարի գործերի համար, ինչպես նաև` այստեղ` Վաշինգթոնում, Սիրիայի հայերի և այլ քրիստոնյաների վտանգավոր պայմանների մասին օրենսդիրներին տեղեկացնելու և ամերիկյան առաջնորնդերին դրանց արձագանքման կարևոր առաջադրանքում ներգրավելու համար»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ կառավարությունն իր համաշխարհային գործընկերների հետ պետք է շատ ավելին անի` լրացնելու օգնության առաքման բացերը, որի պատճառով չափազանց երկար ժամանակ անապահով են մնացել Սիրիայի և հատկապես` Հալեպի շրջանի հայությանը:

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ֆրանկ Վոլֆը անցյալ տարի դիմել էին Հայրենիքի անվտանգության վարչության քարտուղարին` հորդորելով ժամանակավոր մուտքի արտոնագրեր տրամադրել արտակարգ իրավիճակում գտնվող անձանց: Այդ կերպ հնարավորություն կընձեռվի մուտքի արտոնագրերի սպասող սիրիացիներին առանց ձգձգումների վերամիավորվելու ԱՄՆ-ում գտնվող իրենց ընտանիքների հետ:

Շիֆը փետրվարի 10-ին ԱՄՆ-ում հիմնադրված Սիրիահայերի օգնության հիմնադրամում դասախոսություն կկարդա: