armradio.am – Վերջին տարիներին Հայաստանի գործազուրկների շարքերը համալրել են նաև Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները: Նրանց հիմական մասի համար դժվար է Հայաստանում աշխատանք գտնել: Սիրիահայերը հիմնականում հմտացած են տարբեր բիզնեսների մեջ, ունեցել են համեմատաբար բարձր եկամուտներ, այժմ, սակայն, Հայաստանում միշտ չէ, որ կարողանում են համապատասխան աշխատանք փնտրել։
Հաշվապահ, մանկավարժ, վաճառող, վարորդ, բուժքույր, տնտեսագետ. Երևանում հիմնականում այս մասնագիտությունների տեր մարդիկ են աշխատանք փնտրում: Վերջին տարիներին մայրաքաղաքում, և ոչ միայն, գործազուրկների շարքերը համալրեցին նաև սիրիահայերը: 29-ամյա Սարգիսը մասնագիտությամբ տնտեսագետ է, արդեն ութ ամիս է Հայաստանում է, ութ ամիս էլ աշխատանք է փնտրում:
Սիրիայում հինգ տարի աշխատել է բանկային համակարգում, Երևանում էլ է ցանկանում աշխատանք գտնել, գործող 22 բանկից 20-ին դիմել է. արձագանքել են երկուսը միայն: Մերժումների պատճառներից մեկն էլ հայերենի ոչ լավ իմացությունն է։
Ընդհանուր առմամբ՝ դժվար է սիրիահայերի համար Հայաստանում աշխատանք գտնելը։ Հիմնականում հմտացած են տարբեր բիզնեսների մեջ։ ՄԱԿ- ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը նշում է, որ այստեղ նրանց առաջարկվող աշխատավարձն է ցածր, «իսկ նրանց մեծ մասը չունի այստեղ սեփական բնակարան, վարձով է բնակվում, աշխատավարձը չի բավարարում տան վարձի վճարման համար»։
Սիրիահայերի մի մասն էլ փորձում է Հայաստանում ոչ թե աշխատանք փնտրել, այլ սեփական գործը սկսել, ինչպես օրինակ զրուցակցս ՝Հրայր Ագիլյանը: Նա Հալելպից է տեղափոխվել, փայտագործ է, մի քանի ամիս է, ինչ աշխատում է, արդյունքներից գոհ չէ։
Շուրջ վեց ամիս առաջ Սիրիայից Հայաստան է եկել նաև մյուս զրուցակիցս՝ Հարություն Կվասյանը: Նա հայրենիքում զբաղվում է նրանով, ինչով եւ Սիրիայում՝ ավտոմեքենաների վերանորոգման կետ ունի: Գործիքների մեծ մասն իր հետ է բերել , մյուսն մասն էլ գնել է պետության հատկացրած վարկային միջոցներից, տեղյակ է նաև հարկային օրենսդրությունից, ասում է, որ Հայաստանում իրեն ոչինչ չի անհանգստացնում։
Սիրիահայերը Հայաստան են տեղափոխվել հարկադրված՝ սեփական մահն աչքի առաջ ունենալով: Մինչդեռ՝ ինչպես վերջերս պարզվեց՝ այստեղ նրանց այքան էլ լավ չենք ընդունում: Բոլորովին վերջերս «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատիրոջ որդին ընկերների հետ դաժան ծեծի էր ենթարկել Սիրիայից Հայաստան տեղափոխված Բրուտյանների ընտանիքի անդամներից երեքին։
Հասմիկ Դիլանյան