ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական ճեմարանի սան Ալիկ Սարյանը Սիրիայի գիտական օլիմպիադայի ազգային հավաքականի կազմում միակ հայն է:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից: «Սիրիայի գիտական օլիմպիադայի նահանգային մրցումներում Հալեպից հաղթանակել էին չորս հայ աշակերտներ` Ալիք Սարյանը, Կարապետ Չամիչյանը, Անի Տրմեշը և Արիս Արոյանը: Դամասկոսում կայացած համասիրիական մրցումներում Ալիք Սարյանը հաղթելով դարձել է սիրիական գիտական օլիմպիադայի ազգային հավաքականի անդամ»,-նշված է «Գանձասարի» գրառման մեջ: Թիմը պետք է Սիրիան ներկայացնի միջազգային օլիմպիադայում:
Չնայած Սիրիայում ավելի քան երկու տարի շարունակվող պատերազմական իրավիճակին` հալեպահայ համայքը շարունակում է իր ակտիվ կրթամշակութային կյանքը, հայկական հաստատությունները չեն դադարեցնում երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության ազգանվեր առաքելությունը: