panorama.am – Սիրիահայ Ժան Պեշլյանի մայրն արմատներով Մուսալեռից է, հայրը՝ Ուրֆայից, ինքը ծնվել է Հալեպում:
Մանկաբույժը մոտ մեկ ու կես տարի առաջ է եկել Հայաստան: Այն ժամանակ մնալու մտադրություն չունեին: Մտածում էին՝ Սիրիայում իրավիճակը մի երկու ամսից կշտկվի, կվերադառնան տուն:

Ժան Պեշլյանը Հայաստան եկել էր քրոջ ընտանիքի հետ: Մայրն Ամերիկայում էր, բայց որոշ ժամանակ անց միացավ զավակներին: Հիմա ամբողջ ընտանիքը հայրենիքում է:

Մանկաբույժը Հալեպում աշխատել է մոտ 30 տարի, իր աշխատանքը շատ է սիրում, երեխաներին է շատ սիրում. սեփական երեխաները չունի:

«Շատ հաճելի աշխատանք է: Երեխաների հետ շատ նուրբ և շատ զգույշ պետք է վարվել: Շատերը կարծում են, որ մանկաբուժությունը դյուրին մասնագիտություն է, բայց, ըստ իս, շատ դժվար է: Նախ երեխաները որոշ տարիքում խոսել էլ չեն կարողանում, պիտի փորձես հասկանալ: Եվ, ամնակարևորը, երեխաների վստահությունը պիտի վաստակես: Եթե կարողանաս իրենց վստահությունը շահել, գործդ կդյուրանա: Եթե երեխան չվստահեց քեզ, գործդ շատ բարդ կլինի»,- ասում է նա:

Հալեպում Ժան Պեշլյանն աշխատել է մոտ հինգ հիվանդանոցում՝ հայկական, Հալեպի քրիստոնեաների հայտնի հիվանդանոցներում և այլն:

Ինչպես մյուս սիրիահայերը, մանկաբույժը ևս Հալեպում իր ունեցած ամեն ինչն է թողել, սակայն ամենաշատն իր այնտեղի աշխատանքն է կարոտում.

«Նույնիսկ հիվանդներս այստեղ են, երբեմն այցելում են: Բայց, երբ 30 տարի մի բանով ես զբաղվել, կկարոտես անպայման: Իմ այնտեղի կյանքն եմ կարոտում, սովորությունները…»:

Ժան Պեշլյանը մասնագիտութունը Հայաստանում է ստացել, ասում է՝ իր համար Հայաստանը օտար երկիր չէր:

«Ես իմ լավագույն 10 տարիներն այստեղ եմ ապրել: Իհարկե, շատ բան է փոխվել, բայց ամեն ինչն էլ ինձ համար հարազատ է: Ես ինձ այստեղ շատ հանգիստ եմ զգում: Եթե օտար երկիր գնաս, խորթ է, դժվար է, իսկ այստեղ այդ բանը չկա: Շատ արագ հարմարվեցի, նույնիսկ լեզուս արագ վարժվեց»,- պատմում է նա:

Մանկաբույժը հիմա աշխատանք չունի: Շաբաթ օրերին անվճար բժշկական ծառայություններ ու խորհրդատվություն է տալիս Հայաստանում ապաստանած սիրիահայ մանուկներին: Առաջարկել են շրջաններում աշխատել, բայց բժշկի համար դժվար էր շրջաններ գնալը:

Հայաստանում մնալու որոշում սիրիահայը դեռ չի կայացրել, ասում է՝ կախված է ընդհանուր վիճակից.

«Այնտեղ ահագին բան ենք թողել, միանգամից կտրվել հնարավոր չէ: Բայց տեսնենք ապագան ինչպիսին կլինի, օրը կորոշի երևի»:

Ժան Պեշլյանը հույս է հայտնում, որ սիրիահայերը կկարողանան ավելի հեշտ հարմարվել այստեղ և, ամենակարևորը, բոլորը կկարողանան ինչ-որ աշխատանք գտնել.

«Դա այստեղ մնալու հարցում ամենաորոշիչ դերը կխաղա: Աշխատանքն ամնակարևոր բանն է, ես 30 տարի աշխատել եմ, իմ աշխատանքի մեծ մասը կատարել եմ, հնարավոր է այլ կերպ մտածեմ: Բայց երիտասարդները պետք է աշխատանք գտնեն, որ մտածեն մնալու մասին: Իմ հիմնական ցանկությունն այդ է, որ կարողանան բարեկեցիկ կյանք ապահովել իրենց ընտանիքների համար ու մնան հայրենիքում»: