eMedia.am- 21 Հունվարի, 2014 Մեկ տարի առաջ Սիրիայից Արցախ տեղափոխված Ասմարյան եղբայրները, հիմնելով «Ասմարյան գրինլանդ» ՍՊԸ-ն, սկսեցին զեյթունի, կակտուսի և մի շարք այլ էկզոտիկ մրգերի այգիներ ստեղծել: Սիրիահայ եղբայրների էկզոտիկ բիզնեսի, նրանց մեկ տարվա հաջողությունների, դժվարությունների, ձախողումների և մի շարք այլ հարցրի պատասխանը eMedia.am-ի բլից հարցերին:

– Տարվա արածը:

-Այս մեկ տարվա ընթացքում հասցրեցինք այգիների համար հողը մշակել Ակերանի շրջանի Բերքաձոր գյուղում և Արաքսի ափին: Չնայած հասցրինք միայն Բերքաձորի այգու ծառատունկն ավարտել և ջրելու համակարգը քաշել: Մարտին արդեն այգին կջրենք կաթիլային համակարգով: Քանի որ օբյեկտիվ պատճառներով չհասցրինք բերված բոլոր տնկիները պահել, կարիք եղավ դրանք ինչ-որ մի տեղ պահել: Դրա համար Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում երկու ջերմոց սարքեցինք, որտեղ ևս պահում ենք Արաքսի ափի այգու համար նախատեսված ցիտրուսի, կակտուսի և զեյթունի տնկիները:
Բերքաձորում 16 հա տարածքում ամենատարբեր տեսակի 6 հազար ծառ ենք տնկել, բացի իհարկե ցիտրուսից, դրա համար կլիման ավելի բարենպաստ է Արաքսի ափին:
Աշխատուժի պակասի պատճառով Արաքսի ափին նախատեսած 200 հեկտարից հասցրել ենք մշակել միայն 60 հա:

– Տարվա ռիսկերը:

-Աշնանը մի քանի անգամ տեղացած ուժեղ կարկուտից 6 հազար տնկի է տուժել, որից 2 հազարը այդպես էլ չհաջողվեց փրկել: Իսկ ամենավատն այն է, որ այդ երկու հազարը ոչ թե տարբեր տեսակների տնկիներ էր, այլ երկու տեսակի անտառային ծառերի բոլոր տնկիները:
Մենք իհարկե գիտեինք, որ կորուստներ կլինեն, բայց կարկուտի պատճառով մեր կորուստները գերազանցեցին նախատեսած ռիսկի տոկոսը: Իսկ դա ենթադրում է հավելյալ ծախսեր ու աշխատանք, բայց էլի ոչինչ, կարևորը ստացվեց:
Առաջին հանգրվանը անցանք, մնում է ձմեռն էլ անցի, որ կարողանանք ռեալ պատկեր ստանալ:

– Տարվա կորուստները:

-Էս 2013-ը, 13 սատանայի թիվը, մեզ համար էլ ինչ-որ տեղ վատ տարի եղավ: Դեռևս 2013թ. Սիրիայի մեր պահեստում 26 հազար տնկի ունեինք, որը պատերազմի պատճառով չէինք հասցել դուրս բերել երկրից: Հալեպի շրջանում քաոսային իրավիճակից օգտվելով՝ պահեստը քանդել ու թալանել են: Մոտ 75 հազար դոլարի վնաս կրեցինք:

-Տարվա դժվարությունը:

-Շատերը Ղարաբաղ ասելով ավելի դյուրին, ավելի էժան են ամեն ինչ պատկերացնում, բայց նրանք սխալվում են: Այստեղ անգամ կանաչին ու բանջարեղենն ավելի թանկ է, քան Երևանում, այնինչ կարելի է այստեղ աճեցնել այդ ամենը: Չնայած այստեղ էլ մի բայց կա: Մենք նույնպես պատրաստվում ենք բանջարաբոստանային կուլտուրայով զբաղվել, որը մեզ ինչ-որ եկամուտ կապահովի միառժամանակ: Բայց ոնց հաշվարկում ենք, միևնույն է արված ծախսերի պատճառով մի քանի անգամ ավելանում է գյուղմթերքի ինքնարժեքը, քանի որ նույն թունաքիմիկատները, սածիլները, պարարտանյութը, ջերմոցի պոլիէթիլենը և մի շարք այլ անհրաժեշտ պարագաներ այստեղ թանկ են, ստիպված գնում ես Երևանից բերում, իսկ դա ևս լրացուցիչ ծախսեր են:

-Տարվա ձախողումը:

-Բերքաձորի այգու տարածքում որոշել էինք երկու փոքրիկ ջրավազան սարքել և ձկնաբուծությամբ զբաղվել: 10 հազար դոլարի ծախս արեցինք, պատրաստեցինք ամեն ինչ, մոտակա գետից ջուրը հասցնելու համար պահանջվածից էլ խոր ջրագիծ փորեցինք, բայց այդպես էլ մի կաթիլ ջուր չստացանք: Բանն այն է, որ գետի մոտ համապատասխան ակունք փորելու խոստումն այդպես էլ մնաց խոստում: Ես հիմա դժվարանում եմ ասել՝ ում մեղավորություն է և կոնկրետ ում պարտականությունն է դա՝ գյուղապետի, վարչակազմի ղեկավարի, թե մեկ ուրիշի, բայց ինչ-որ մեկը պետք է համակարգի այդ ամենը:
Արդյունքում անգամ այգին ջրելու համար ստիպված եղանք արտեզյան ջրհոր փորել մեզ համար, որը ինչպես հասկանում եք, բավականին թանկ հաճույք է, որ մի հատ էլ այն օգտագործենք ձկնաբուծության համար: Էդ դեպքում ավելի ձեռնտու կլինի ոչ թե ձուկ բուծել, այլ վերավաճառել:

-Տարվա «բացահայտումը»:

-Հետաքրքիր մի բան եղավ: Այն ինչ պատկերացնում էի դժվար կլիներ մեզ համար Արցախում, իրականում ոչ մի դժվարություն էլ չեղավ: Բացատրեմ, ինձ թվում էր՝ այստեղ ապրելը զուտ կենցաղի տեսանկյունից պիտի դժվար լիներ, երեխաների համար դպրոցում հարմարվելը, ի վերջո նոր բնակավայր է, ուրիշ կլիմա ու նման շատ այլ պատճառներ: Իսկ ահա գործի պահով շատ ավելի լավատես էի և թվում էր՝ ոչ մի դժվարություն չպիտի որ լիներ: Նախ և առաջ հայրենադարձ ենք,երկրորդ՝ ներդրում ենք անելու և երրորդ՝ նորություն ես բերում, այսինքն անում ես ոչ թե էն, որ Պետիկը, Սաքոն, Սաշիկը մինչև քեզ էլ անում էին:
Արդյունքում ճիշտ հակառակը եղավ՝ երեխաները շատ հեշտ հարմարվեցին դպրոցում, ուսուցիչները շատ ուշադիր էին, ժամանակ տվեցին և լրացուցիչ պարապեցին նրանց հետ: Այսօր արդեն երեխաները հասկանում են ղարաբաղի բարբառը, փոքր տղաս արդեն լրիվ ղարաբաղցի է, անգամ բարբառով երգեր է հորինում՝ «օզում չում, օզում չում….»:

-Տարվա ստիմուլը:

-Անկեղծ, երբեմն պահեր են եղել, որ իրոք մտածում էի ամեն ինչ ձգել ու գնալ, բայց այնքան պայծառ ու անկեղծ մարդիկ կան, որոնց նայելով ամաչում ես մտածել անգամ դրա մասին:

-Տարվա զարմանքը:

-Ժողովուրդը քեզ էնքան լայն ժպիտով չի դիմավորում, որքան պաշտոնյաները: Բայց այդ ոչ այնքան լայն ժպտացող մարդիկ են, որ պետք եղած դեպքում վազում են օգնել, ինչով կարող են: Հասարակ մի բան, հարևանս կարող է իր տան գործերը թողնի, գա ինչ-որ կենցաղային հարցում օգնի, ցույց տա կամ պարզապես խորհուրդ տա:

-Լավատեսության տարին:

-Մինչև Արցախում բարձրաստիճան պաշտոնյանները, ավարտելով իրենց պարտականությունները, տեղափոխվեն Երևան ապրելու, ես պիսիմիստ կլինեմ: Երբ որ պաշտոնավարումից հետո մնան այստեղ ընտանիքով ապրելու ու աշխատելու, այդ ժամանակ ես լավատես կլինեմ և կմտածեմ, որ ուրեմն ինքը մի լավ բան արեց և իրոք մտածում է, որ լավ պիտի լինի, դրա համար էլ մնում է Արցախում:

Քնար Բաբայան