armworld.am – Ըստ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ, արեւմտյան լրատվամիջոցներում արդեն հայտնվել են բազմաթիվ հրապարակումներ, որոնցում Սիրիայում ծավալված հակամարտությունը դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք այդ երկրում բնակվող քրիստոնյա փոքրամասնության, այդ թվում նաեւ հայ համայնքի համար:

«Արեւմտյան մի շարք առաջատար եւ ազդեցիկ լրատվամիջոցներ երկուսուկես տարի շարունակվող պատերազմից հետո խոստովանում են, որ Սիրիայի հայ համայնքը հայտնվել էր ցեղասպանության նոր սպառնալիքի տակ:

Կար ժամանակ, երբ Հայաստանում որոշ ուժեր Սիրիայում Արեւմուտքի վարած քաղաքականությունը պաշտպանելու փորձ էին անում՝ պատճառաբանությամբ, թե այնտեղ ժողովրդավարական պայքար է մղվում տոտալիտար ռեժիմի դեմ: Սակայն ակնհայտ է, որ քրիստոնյա ու նաեւ հայ բնակչությունը պատրաստ չէր նման իրադարձությունների եւ դրսից աջակցություն ստացող ապստամբական ուժերին չի ցանկանում տեսնել իշխանությունում»,- նշեց երեկ քաղաքագետը՝ անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին:

2012 թվականի կեսերից հայ համայնքն արդեն ստիպված էր ինքնապաշտպանության խնդիր լուծել, եւ Ս.Շաքարյանցի համոզմամբ՝ այսօր կարելի է ասել, որ այդ գործը հաջողությամբ է իրականացվել. «Սիրիական կառավարական զորքերի օգնությամբ եւ աջակցությամբ հայ համայնքը հիմնականում կարողացավ ցեղասպանության այդ սպառնալիքը հետ մղել: Համացանցում կան տեսագրությունները եւ սիրիահայերն իրենք են խոստովանում, որ ինքնապաշտպանության համար ձեւավորվել են խմբեր, ջոկատներ: Սա փաստ է, որ հայտնի է բոլորին: Բոլորն էլ գիտեն, որ սիրիահայությունը ինքնապաշտպանության խնդիր է լուծել»:

Հայկական ինքնապաշտպանական ջոկատները կառավարական զորքերի հետ համագործակցել են նաեւ թուրք-սիրիական սահմանին, ստիպելով թուրքական կողմին փակել բոլոր սահմանակետերը:

«Պետք է փաստել, որ հայ համայնքի եւ միաժամանակ քրիստոնյա բնակչության ինքնապաշտպանության գործը Սիրիայում հաղթանակ է տարել: Կցանկանայի ուշադրություն հրավիրել նաեւ այն հանգամանքին, որ նախագահ Ասադը կառավարություն ձեւավորելիս երկու նախարարական պաշտոն էր տրամադրել հայ համայնքին: Փաստորեն այդ երկրում քրիստոնյա բնակչությունը ներկայացնելու իրավունքը տրվել էր հենց մեր համայնքին»,- նշեց նա:

Հակամարտության ընթացքում ռմբակոծության են ենթարկվել հայկական թաղամասերը, մարդիկ են զոհվել, նյութական մեծ վնաս է հասցվել հայ բնակչությանը: Սիրիական տարբեր քաղաքներում հարձակումներ են եղել մեր եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների վրա: Եղել են նաեւ մարդկանց առեւանգման դեպքեր: Հայ համայնքը կանգնած է եղել բնաջնջման իրական վտանգի առջեւ.

«Մեր հայրենակիցները վկայում են, որ քրիստոնյաների թաղամասեր մտած խմբավորումներն իրենց կողմն անցնելու պահանջ են դրել: Հայերը հարձակման են ենթարկվել իրենց քաղաքական կողմնորոշման համար: Նաեւ եղել է կրոնափոխ լինելու պահանջ: Նման սպառնալիքի տակ են հայտնվել բոլոր հայաբնակ շրջանները` Դեր-Զորից մինչեւ մայրաքաղաք Դամասկոսի քրիստոնեական թաղամասերը»:

Հայտնի է, որ զինյալ խմբավորումներին մեծ աջակցություն է ցուցաբերել Թուրքիան. «Այդ երկիրը մինչեւ կոկորդը խրված է սիրիական խնդիրներում, եւ հիմա Արեւմուտքը գլխավոր մեղադրանքները ուղղում է հենց նրան: Թուրքիան է կազմակերպել իր տարածքով զենքի ու զինամթերքի առաքումը Սիրիա: Թուրքիան է Լիբիայից վարձկաններին տեղափոխել Սիրիայի տարածք»:

Սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում որոշ սպասելիքներ կան Ժնեւում սպասվող խորհրդաժողովից. «Ընդդիմության շարքերում լուրջ պառակտում կա: Այսպես կոչված Սիրիական ազատ բանակն արդեն համաձայնության է եկել երկրի կառավարական զինված ուժերի հետ, օտարերկրյա վարձկանների դեմ պայքարի հարցում: Այս փաստը հույսեր է արթնացնում, որ Ժնեւում հնարավոր կլինի որոշակի համաձայնության գալ եւ իմի բերել եղած ուժերը»:

Ս.Շաքարյանցի կարծիքով՝ Սիրիայում վերջին զարգացումները փաստում են, որ շուտով կառավարական ուժերը վերջնական հաղթանակ կտանեն. «Ապստամբական ընդդիմադիր տարբեր խմբավորումներ արդեն սկսել են իրար դեմ պայքարել, ինչը նշանակում է, որ կառավարական ուժերի հաղթանակին շատ քիչ է մնացել:

Հալեպում, մանավանդ քրիստոնեական թաղամասերում վիճակն արդեն բավական խաղաղ է: Ճանապարհը դեպի Հալեպի օդանավակայանը վերահսկվում է կառավարական զորքերի եւ քրիստոնեական ջոկատների կողմից: Իհարկե ահաբեկչական գործողությունները չի կարելի բացառել, քաղաքի տարբեր հատվածներում դեռ երկար ժամանակ կլինեն ինչ-որ միջադեպեր»:

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ