panorama.am – Սիրիայում ապրող հայերի մասին արաբալեզու կայքերի հրապարակած տեղեկությունները հալեպահայերը խորհուրդ են տալիս հրապարակել միայն ստուգելուց հետո:

«Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբի ստեղծողներից Ռոբերտ Սյուլահյանն օրինակ խորհուրդ է տալիս տեղեկությունը ստուգել սոցցանցում գործող խմբերում. «Ամեն օր մեզ տեղյակ են պահում Հալեպի կացության մասին»:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ վերջին օրերին շրջանառվում էր արաբալեզու լրատվամիջոցի տարածած տեղեկությունը, թե արաբները իսլամ ընդունելուց հրաժարված Մինաս անունով երիտասարդի են սպանել և նշեց, որ այդ տեղեկությունը սխալ է:

«Սիրիահայ Մինաս անունով երիտասարդ սպանված է, բայց ոչ թե իսլամացնելու, այլ փողի պատճառով: Փող են պահանջել, տվող չի եղել, սպանել են: Տեղեկությունների մեջ անճշտություններ կան: Օրինակ տեսանյութ կար, որ իբր հայ ընտանիքներին բռնի իսլամացնում են: Այդպիսի բան չեղավ Սիրիայի մեջ: Նման բանը գրելը մեզ համար շահեկան էլ չէ, եթե նույնիսկ իրականություն է»,- ասաց հալեպահայը:

Ռոբերտ Սյուլահյանի խոսքով, Սիրիայում դեռ 30-40 հազար հայեր կան, և շահեկան չէ լարվածություն ստեղծել: «Նման լուրեր պետք չէ տարածվեն: Դրա համար ես Սփյուռքի նախարարությանը խնդրեցի, որ իրենք իրենց լրատվական համակարգի միջոցով փոխանցեն սիրիական լուրերը: Պետք է կենտրոն լինի, որ ճիշտ ձևով ներկայացնի Սիրիայում կատարվող հարցերը, քանի որ մենք այնտեղ վտանգված հայորդիներ ունենք, պետք է ուշադիր լինել»,- եզրափակեց սիրիահայը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու Համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանը հայտարարել է, որ պատկան մարմինների ստուգումները հաստատել են, որ արաբալեզու լրատվամիջոցի հրապարակած լուսանկարի սպանված երիտասարդը հայ չէ, այլ ընդդիմադիր զինյալ, որ սպանվել է ընդդիմադիր տարբեր հատվածների միջև սկիզբ առած բախումների ժամանակ: