ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասը դեկտեմբերի 22-ի կեսօրին հրթիռակոծվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջից: Հրասանդ է ընկել ազգային Գյուլբենկյան վարժարանի տանիքի վրա: Բարեբախտաբար, այն չի պայթել և վնասներ չեն արձանագրվել, սակայն բնակիչների շրջանում կրկին ահ ու սարսափ է տարածվել:

Հալեպի հայաշատ թաղամասերը, մասնավորապես Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե թաղամասերն անցնող մի քանի օրերի ընթացքում տասնյակ հրասանդների թիրախ էին դարձել:

Ավելի վաղ` դեկտեմբերի 17-ին, Հալեպում զինված ընդդիմադիրների ռմբակոծության հետևանքով զոհվել էր 62-ամյա Նազարեթ Տրեժյանը: Դեպքը տեղի էր ունեցել Տրեժյանի աշխատանքի վայրից տուն վերադառնալու ճանապարհին:

2.5 տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը՝ 65-ը: