ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ակտիվիստների խոսքով Հալեպում երեք օրում զոհվել է 135 մարդ, այդ թվում՝ տասնյակ երեխաներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են ընդդիմադիր ուժերը: Նրանց տեղեկացմամբ` կառավարական ուժերը ռմբակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, որոնք գտնվում էին ընդդիմադիրների հսկողության տակ: 39 մարդ զոհվել է ալ Բաբ, աշ Շաար, Մաադի շրջաններում: Կառավարական ուժերը դեկտեմբերի 18-ին շարունակում են ռմբակոծել Մասաքին Հանանու, Աշրաֆիե թաղամասերը: Այդտեղ զոհերի և վիրավորների թիվը դեռ չի նշվում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը դեկտեմբերի 18-ին կանխել է զինյալների հարձակումը Շեյխ Մակսուդ թաղամասի վրա: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել կենտրոնական բանտի մերձակայքում, Թել Ղալի շրջանում, Մանսուրա գյուղում: Տասնյակ զինյալներ են ոչնչացվել Հալեպի Սալահ ադ Դին, Սուքքարի, Անսարի, Բուսթան Բաշա, թաղամասերում, բացի դրանից, ոչնչացվել է նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքը:

Հալեպում զինված արյունալի բախումները սկսվել են 2012թ.-ի ամռանը: Սիրիական բանակը հսկողութուն է հաստատել Հալեպի արևմտյան, իսկ ընդդիմադիրները արևելյան թաղամասերի վրա: