panorama.am – Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար ամանորյա միջոցառումներ են կազմակերպվում:
Դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Սփյուռքի նախարարության կազմակերպած տոնական համերգը: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը, միջոցառմանը հիմնականում սիրիահայ երաժիշտներն են մասնակցելու: Նա նշեց, որ ելույթ կունենան Կոմիտասի անվան սենեկային նվագախումբը, վերջերս Հայաստանում սիրիահայերի ձևավորված «Շառավիղ» մանկական երգչախումբը և այլ համույթներ:
Այդ օրը նաև Նոր տարվա և Սուրբ Ծնունդի ցուցահանդես-վաճառք է լինելու, որին դարձյալ սիրիահայերն են մասնակցում: Վաճառելու են ձեռագործ, անուշեղեն, թխվածք և այլն: «Սա առիթ է, որ նրանց աշխատանքներին ծանոթանան մարդիկ և հետագայում պատվերներ ունենան: Հրավիրյալներ կլինեն նաև միջազգային կազմակերպություններից, միտքն այն է, որ Նոր Հալեպ թաղամասի համար որոշ գումար հանգանակվի»,- ասաց Լենա Հալաջյանը:
Երեխաների համար ևս հատուկ ամանորյա միջոցառումներ կլինեն: Հրավերք կա ՀՀ Նախագահի նստավայրից: 200 երեխայի ընդունելություն է լինելու: «Անցյալ տարի Նախագահն ընդունել էր Կիլիկեան վարժարանի սաներին, այս տարին այնպես ենք արել, որ 2013-ին Հայաստան եկած երեխաները լինեն հանդիպման ցուցակում, որպեսզի նոր երեխաներ կարողանան հանդիպել Նախագահին»,- ասաց նա և հավելեց, որ ընթացքի մեջ է երեխաների համար տարբեր միջոցառումների կազմակերպումը հասարակական կազմակերպությունների կողմից: