panorama.am – Մայրը Ղամշլիում, մեծ տղան` Լիբանանում, միջնեկը` Երևանում, փոքրը` Հալեպում, ինքը` Կովսականում… սիրիահայ Մհեր Պողոսի ընտանիքը ցրված է այս քաղաքներում, իսկ թե երբ նորից միասին կլինեն, հայտնի չէ:
Մհեր Պողոսը չորս տարի է` ապրում է Քաշաթաղի շրջանի Կովսականում: Լիբանանահայ կնոջից բաժանվել է տարիներ առաջ: Ամուսնալուծությունից հետո սիրիահայը երեք տղաներին վերցնում է ու գնում Սիրիա: Սկզբում երեխաներին որոշում է թողնել մոր մոտ` Ղամշլիում, ու գալ Արցախ` տուն, աշխատանք գտնելու, որ ընտանիքը բերի հայրենիք:
«Մամաս տարիքով շատ մեծ է, մեղքս եկավ, չէր կարողանա երեք երեխայի պահել: Երբ որոշեցի, որ պիտի գամ Արցախ, տեսնեմ ինչ վիճակ է, աշխատանք ու տուն գտնեմ, որ տեղափոխվենք, երեխաներին տարա Հալեպ` ազգային ապաստարան»,- պատմում է նա:
Ընկերների հետ գալիս է Հայաստան ու գնում Արցախ: Կովսականը տեսնելուց հետո որոշում է` ընտանիքն այստեղ է ապրելու: Երկու տղաներին մի տարի հետո բերում է Հայաստան, իսկ փոքրին` 14 տարեկան Գաբրիելին բերել չի կարողանում. «Եկա Հայաստան: Դեռ կռիվը չէր սկսվել, մտածում էի, որ լավ կլնինի, ու երեխաներիս կվերցնեմ ապաստարանից: Բայց միայն երկուսին կարողացա վերցնել, Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս մինչ օրս գտնվում է Հալեպում: Երբ որոշեցի, որ գնամ տղայիս հետևից, արդեն պատերազմը սկսվեց: Ոչ ճանապարհ կա, ոչ օդանավակայան… մայրս ու փոքր տղաս մնացին Սիրիայում, տեսնեմ ոնց պիտի երկուսին բերեմ»:
Տղաներն ապաստարանում եղած ժամանակ Հալեպի հայկական դպրոցում են սովորել: Հայերենին լավ տիրապետում էին, վարժ կարդում ու գրում, հիմա էլ ուսումը շարունակում են Երևանում, որտեղ վարձով են մնում:
Միջնեկ տղան` Ժոզեֆը այժմ սովորում Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի զրո կուրսում: Երևանում մեծ եղբոր հետ էր մնում, բայց արդեն չորս ամսից ավելի է` մենակ է: «Եղբայրս Լիբանան գնաց, որ Հալեպից Գաբրիելին բերի: Մոտ չորս ամիս է այնտեղ է, դեռ չի կարողանում բերել: Վերջին անգամ, որ խոսեցի Գաբոյի հետ, ասում էր` վիճակը շատ վատ է, Հալեպից դուրս գալ չի կարող: Հայերին կոտորում են այնտեղ»,- ասում է Ժոզեֆը:
Մհեր Պողոսը վերջին անգամ Գաբրիելի հետ խոսել է մոտ տասը օր առաջ. «Կապ կար, խոսել եմ: Բայց մի քանի օր որ կռիվ է լինում, կապ չկա` ոչ ինտերնետ, ոչ հեռախոս: Հիմա մի շաբաթից ավելի եղավ, ինչ լուր չունեմ, չգիտեմ ինչ է կատարվում»:
Ժոզեֆն այլ խնդիր էլ ունի, կորցրել է սիրիական անձնագիրը, իսկ առանց դրա հայկական անձնագիր չեն տալիս: Թեև համալսարանում դասի գնում է, բայց գրանցված չէ. «Դիմել եմ, ասում են` չունես սիրիական անձնագիր, չենք կարող հայկական տալ: Ասում եմ, որ փաստաթղթեր ունեմ, որ կորել է անձնագիրս: Ասում են` հնարավոր չէ, նախ սիրիական անձնագիր վերցրու: Բայց դե ինչպե՞ս վերցնեմ»:
Չնայած խնդիրներին, ընտանիքը չի հուսալքվում, վստահ են` Գաբրիելին ու տատիկին կբերեն ու նորից միասին կլինեն:
Մհեր Պողոսը սիրում է Կովսականը, գործը լավ է, պետությունը հող ու տուն է տվել: «Հիմա հողերն ենք վարում, ցորեն ենք ցանում: Մեզ շատ են օգնում, երեք տրակտոր են ուղարկել: Անհրաժեշտ տեխնիկան էլ են տրամադրում, որ հողը մշակենք: Այստեղ Ղամշլիից շատ ընտանիքներ են ապրում»,- ասում է ընտանիքի հայրը:
Սիրիայում տուն ունի, ասում է` եթե Աստված հաջողի, կվաճառվի. «Կգնամ մամայիս ու երեխայիս կբերեմ: Մենք էլ պիտի մարդկանց բերենք: Մեկը մյուսին քաշի, բերի այստեղ: Չորս ամիս առաջ էլ քույրս եկավ, հիմա Բերձորում են ապրում: Արցախում լավ է, կմնանք: Սիրում ենք Արցախը, մեր հայրենիքն է, ո՞նց չսիրենք: Մենք չորս տարի առաջ արդեն որոշել էինք, որ այստեղ ենք ապրելու»: