Հալեպի Վիլլաներ թաղամասում նոյեմբերի 13-ին արկի պայթյունի հետեւանքով վիրավորված հինգ հայ երիտասարդներից մեկը` 23-ամյա Տիգրան Մանուկյանը, մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, զոհված հայորդու հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում: Նույն եկեղեցում այսօր հրաժեշտ կտան նաեւ նոյեմբերի 17-ին Դամասկոսի Հարասթա շրջանում նահատակված հայ զինծառայող Հակոբ Տեր-Ղազարյանին:
Սիրիական աղբյուրների հաղորդմամբ` այդ երկրում 2.5 տարի շարունակվող հակամարտության հետևանքով մինչև 2013թ. նոյեմբերի 14-ը զոհվել է 65 հայ: Զոհերից 46-ը եղել է Հալեպում, 16-ը` Դամասկոսում, 2-ը` Ղամիշլիում և 1-ը՝ Լաթաքիայում: Զոհերից 15-ը զինծառայողներ էին: Մինչև օրս անհետ կորած է երկու հայ: Ներկայացված վիճակագրության համաձայն՝ վիրավորների թիվը կազմել է 179, այդ թվում 166-ը` Հալեպում, 13-ը` Դամասկոսում: Ըստ աղբյուրի՝ առևանգվել է 110 հայ, որից 101-ը՝ Հալեպում, 6-ը՝ Դամասկոսում, 1-ը՝ Ղամիշլիում և 2-ը՝ Լաթաքիայում: