ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում արդեն մի քանի օր է` էլեկտրականություն գրեթե չկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ էլեկտրականությունից բացի, քաղաքում ավելացել է ջրի տագնապը: Բնակիչները փորձում են շշերով ջուր հայթայթել: Իսկ էլեկտրականության բացակայության պատճառով սառնարանները չեն աշխատում. շատ դեպքերում դրանք փչացել են:

Հալեպահայերի ֆեսյբուքյան էջից նաև տեղեկացանք, որ քաղաքում վերջին տասը օրերի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել ռումբերի պատճառով: Մարդիկ բանտարկված են իրենց բնակարաններում: Մասնավորապես լարված իրավիճակ է ստեղծվել Կարմիր մահիկի հիվանդանոցի, Սուրբ Գրոց շենքի մերձակայքում:

Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ սիրիական բանակը Հալեպում հաջողություններ է գրանցել: Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի միջազգային օդանավակայանի ճանապահին ավելի քան 90 զինյալներ էին սպանել: Օդանավակայան տանող ճանապարհը բանակի հսկողության տակ է անցել: Այժմ աշխատանքներներ են տարվում օդանավակայանի աշխատանքները վերսկսելու համար: