ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման ծրագրի աշխատանքներին 2014 թվականի բյուջեով հատկացվել է 11 միլիոն դրամ` նախորդ տարվա 6 միլիոնի փոխարեն: Այս մասին ԱԺ-ում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Սիրիահայերի, իրաքահայերի ինտեգրման ծրագիրը ենթադրում է նրանց համար արևելահայերենի, ռուսերենի կրթության իրականացում, որի համար հատկացվող գումարն այս տարի ավելացվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Հրանուշ Հակոբյանը կարևորեց գիտական այն ծրագրերի իրականացումը, որոնցով զբաղված է Սփյուռքի նախարարությունը: «Մենք համագործակցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Նորավանք գիտակրթական հիմնադրամի հետ: Մենք տալիս ենք սփյուռքի վերաբերյալ որոշակի հանձնարարականներ, դրանցից ելնելով մշակում հետազոտություններ և ապա դրանք օգտագործում ենք աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար»,- հակիրճ ներկայացրեց նա:

Նախարարի հավաստմամբ` նախարարության գերակա ուղղություններից մեկն էլ տարածաշրջանային ծրագրերն են: «Մենք փորձում ենք մշակել տարածաշրջանային ծրագրեր՝ հաշվի առնելով տարածաշրջանների առանձնահատկությունները: Խոսքը վերաբերում է ԱՊՀ տարածքի և Մերձավոր Արեւելքի սփյուռքի ծրագրերին»,- ասաց նա:

Անդրադառանալով սփյուռքի մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ծրագրին` նշվեց, որ ԵՊՀ բազայի վրա ստեղծված ամառային դպրոցը բավական հաջող է գործել այս տարի: «Այդ դպրոցը մեծ ընդունելություն գտավ սփյուռքի կողմից: Այս տարի կրկնապատկվել է մասնակիցների թիվը, և մենք այն կարծիքին ենք, որ այս դպրոցի գործունեությունը պետք է հիմնարար դառնա Սփյուռքի մեր մասնագետներին վերապատրաստելու համար»,- նշեց Հակոբյանը:

Մյուս կարևոր ծրագիրն ուղղված է սփյուռքի ներուժի հայտնաբերմանն ու այն Հայաստանի զարգացման համար օգտագործեուն: «Հաջորդ տարի անցկացնելու ենք Հայրենիք-Սփյուռք համաժողովը, Ցեղասպանության հանձնաժողովների ներկայացուցիչների և ղեկավարների համաժողովը, որոնք կօգնեն մեզ այդ ներուժը բացահայտել»,- նշեց նախարարը:

Նախարարությունը նախատեսում է ստեղծել Սփյուռքի տարեգիրք, որը կունենա հանրագիտարանային, տեղեկատվական, պատմական նշանակություն:

Մշակութային ծառայությունների համար 2014 թվականի պետկան բյուջի նախագծով նախատեսված է 11,6 մլրդ դրամ` 2013 թվականի 10,1 մլրդ դրամի դիմաց: Դա կուղղվի գրադարանների, թանգարանների և ցուցասրահների, մշակույթի տների, ակումբների, կենտրոնների, այլ մշակութային կազմակերպությունների, թատերահամերգային կազմակերպությունների և կինեմատոգրաֆիայի գծով ծառայությունների, մշակութային միջոցառումների, Հայաստան-սփյուռք գործակցության ծրագրերի իրականացմանը, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնմանը և պահպանմանը, մշակութային օբյեկտների շինարարության աշխատանքների իրականացմանը: