ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը և ՀՀ կառավարությունը կփոխհատուցեն սիրիահայ ուսանողների 2013-2014 տարեշրջանի ուսման վարձավճարները՝ յուրաքանչյուրը մինչև 1/3-ի չափով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը համատեղ հայտարարում են Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2013-2014 ուսումնական տարվա վարձավճարների փոխհատուցման ծրագրի մեկնարկը:

Ծրագրի իրականացման նպատակով կազմվել է միացյալ հանձնախումբ` ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության ու «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնախումբն արդեն սկսել է սիրիահայ ուսանողների դիմումնագրերի ուսումնասիրման աշխատանքները: Հանձնախումը կգործի Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությունում: