panorama.am – ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերվիրթին: Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

ՀՀ Սփյուռքի նախարարը գերագույն հանձնակատարին ներկայացրել է սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Նախարարը նաև Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի հիմնադրման ծրագիրն է ներկայացրել:

Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերվիրթին նշել է, որ խորապես գիտակցում է Հայաստան ժամանած սիրիահայերի խնդիրների հետ կապված Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Նա բարձր է գնահատել ՀՀ ղեկավարության պատրաստակամությունը սիրիահայերին օգնելու հարցում:

Հանդիպման ընթացքում երկու կողմերը համաձայնության են եկել ավելի սերտ աշխատելու, համագործակցության համատեղ հուշագիր նախապատրաստելու և 2014-ի ընթացքում համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում: