mediamax.am – Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը կառավարության կողմից հանձնարարական ստացավ աջակցել սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը: Այդ նպատակով Աշտարակի քաղաքապետարանը 4.8 հա ընդհանուր մակերեսով տարածք նվիրաբերեց սիրիահայերին, որն արդեն իսկ նոտարական գրանցմամբ պատկանում է «Սիրիահայարեի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին:
Աշտարակում կառուցվելիք Նոր Հալեպ թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքի եւ բնակիչների թվի մասին Մեդիամաքս-ը զրուցել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի, “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” ՀԿ նախագահ Լիան Հալաջյանի եւ նախագծերն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար, Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի փոխանցմամբ, ներկայումս հորատման միջոցով չափվում է հողի կարծրությունը, որի արդյունքում պարզ կլինի կառուցվող շենքների տիպը:
«Ենթադրում ենք, որ թաղամասի կառուցման համար ընդհանուր առմամբ $20 մլն ծախս է պահանջվում»,-ասել է Ֆիրդուս Զաքարյանը: Նա նշել է, որ հողատարածքը ՀԿ-ին տրվել է նվիրատվության կարգով, իսկ թաղամասի կառուցման համար անհրաժեշտ մյուս ծախսերը կհոգան բարերարները եւ սիրիահայ ընտանիքները:
Առաջին մեծ գումարը` $100 հազար, արդեն փոխանցված է: Բարերարը «Գրանդ Հոլդինգ»-ի հիմնադիր եւ ղեկավար Հրանտ Վարդանյանն է: Ֆիրդուս Զաքարյանի փոխանցմամբ, ֆինանսավորմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ այլ գործարարներ եւ մի շարք երկրների դեսպանատներ:
Ֆիրդուս Զաքարյանի կարծիքով, ծրագրի իրականացումը միանգամայն իրատեսական է. «Կան մարդիկ, որոնք ցանկանում են ապրել այնտեղ, բարերարներ, իսկ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են. նախնական տվյալներով, ծրագիրը բարեհաջող ավարտ է ունենալու»:
Նոր Հալեպ թաղամասում բնակարան ձեռք բերել ցանկացող սիրիահայերի ցուցակագրումը կատարվում է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում:
ՀԿ նախագահ Լիանա Հալաջյանից Մեդիամաքս-ը տեղեկացավ, որ այս պահին բնակարան ձեռք բերելու նպատակով դիմումներ են ստացվել ավելի քան 450 սիրիահայ ընտանիքից:
«Սկզբնական շրջանում դիմողների շուրջ 85%-ը առանձնատուն էր նախընտրում: Մեզ տրամադրված հողատարածքում չենք կարող միայն առանձնատներ կառուցել, իսկ ծրագրի վերջնական նպատակը սիրիահայերին բնակարանով ապահովելն է, հետեւաբար՝ մենք եկանք այն հայտարարի, որ կլինեն բնակելի շենքեր»,- ասել է Լիան Հալաջյանը:
Նրա փոխանցմամբ, սիրիահայերը բնակարանի կառուցմանը կմասնակցեն 1/3-րդ մասով` յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վճարելով մոտ $500, գումարը կհստակեցվի մոտ ապագայում: Վճարումը կկատարվի մաս-մաս, նոտարական պայմանագրի կնքման ժամանակ կտրվի կանխավճարը: Լիան Հալաջյանը նշել է, որ բնակարանատիրոջ հետ կնքվող պայմանագրում հատկանշական է այն կետը, համաձայն որի բնակարանամուտից հետո բնակարան ստացողը 5 կամ 10 տարի չի կարող վաճառել կամ վարձակալության հանձնել այն եւ պարտավոր է բնակվել այնտեղ, որպեսզի ծրագիրն իր նպատակին ծառայի:
«Պայմանագրում նշվում է նաեւ, որ բնակարանի համար դիմող անձը ցանկացած պահի եւ առանց վնասի հատուցման կարող է հետ վերցնել իր վճարած գումարը, որպեսզի վստահ լինի, որ այն չի կորի»,- ասել է նա:
Նոր Հալեպ թաղամասի նախագծերն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար, Երեւանի գխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի գրասենյակից տեղեկացանք, որ թաղամասի նախագծային աշխատանքները գտնվում են գծագրերի մշակման փուլում, որն իր ավարտին կհասցվի երկրաբանական հետազոտությունների եզրակացության հիման վրա կազմվող ճշգրտումների արդյունքում։
4.8 հեկտար մակերեսով թաղամասը կարող է ներառել 1500–2000 բնակիչ։
«Հողի առավել նպատակային օգտագործման, ինչպես նաեւ քաղաքատիպ միջավայրի ձեւավորման առումներով ընտրվել է 5-7 հարկանի բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ թաղամասի լուծում, համապատասխան ներբակային եւ ընդհանուր օգտագործման հանգստի բարեկարգված տարածքների շուրջ։ Առաջին հարկերը մասամբ նախատեսված են սպասարկման ծառայությունների համար (խանութներ, բուժկետ, գեղեցկության սրահ եւ այլն)։ Թաղամասի բնակչության սպասարկման համար հարակից շրջակայքում կան հանրակրթական միջնակարգ կրթությամբ դպրոց եւ մանկապարտեզ»,-նշել է Տիգրան Բարսեղյանը:
Շինարարության մրցույթի հայտարարման եւ շինարարության մեկնարկը կհայտարարվի առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում: «Շինարարության տեւողությունը կախված է լինելու ներդրումների ընթացքից եւ ծավալներից, որոնց առկայության պարագայում այն կարող է ավարտվել 1.5-2 տարվա ընթացքում»,- նշել է Տիգրան Բարսեղյանը:
Սիրանուշ Եղիազարյան