ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են դարձել Հալեպի Սուլեյմանիա հայաշատ թաղամասում հրթիռի ընկնելու հետեւանքով զոհված երեք հայերի անունները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Զոհված հայերն են Ջորջ Քույումճյանը, Հրայր Թարախճյանը և Մհեր Էորտեքյանը»,-հայտնեց Գանտահարյանը:

Հալեպի Սուլեյմանիա շրջանում մոտ մեկ շաբաթ առաջ ընկած հրթիռից զոհվել է երեք հայ, կան նաև վիրավորներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց և նրանց ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն:

Գրեթե 2 շաբաթ է, ինչ Հալեպը գտնվում է շրջափակման մեջ, փակ են քաղաքից դուրս տանող ճանապարհները: Վերջին տասն օրվա ընթացքում բնակչությունը զրկված է եղել հեռահաղորդակցման միջոցներից, որի պատճառով էլ այնտեղ կատարվող իրադարձությունների արձագանքները ուշացումով են հասնում Հայաստան:

Սիրիայում ավելի քան երկու տարի տեւող բախումների հետեւանքով ավելի քան 100 հազար մարդ է զոհվել, նրանց թվում մոտ վեց տասնյակի հասնող հայեր են: