armtimes.com – Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսելուց ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստան է ժամանել 15 հազար սիրիահայ: Նրանցից 5 հազարը, սակայն, ավելի ուշ հեռացել է՝ բնակություն հաստատելու տարբեր այլ երկրներում:
Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար նախատեսվում է Աշտարակ քաղաքում կառուցել «Նոր Հալեպ» թաղամաս: ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին, որ նոր թաղամասում բնակարան ստանալու համար այս պահի դրությամբ հաշվառվել է 380 ընտանիք: Տների քանակն էլ կլինի ըստ այդմ: Թե երբ է նախատեսվում բնակարանաշինության ծրագիրը ավարտին հասցնել, նախարարությունից դժվարացան պատասխանել: Իսկ ահա թաղամասի հիմնարկեքը կլինի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Ենթադրվում է, որ առաջին բնակարանամուտը կլինի դրանից մեկ տարի անց: Նշենք, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ: «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցման նպատակով առաջին նվիրատվությունն արել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը՝ նվիրաբերելով 100 հազար ԱՄՆ դոլար: Ստացված գումարն առայժմ այսքանն է: Նախարարությունից հայտնեցին, որ գործարարների ու բարերարների հետ դեռեւս պայմանավորվածությունների փուլում են:
Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը 4 ամիս առաջ Հալեպից Հայաստան ժամանած Միհրան Պէրթիզլեանի հետ: Նրան ու իր ընտանիքին սիրով իր ազատ բնակարանում հյուրընկալել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:
– Պարոն Միհրան, ինչպես եք ձեզ զգում այստեղ:
– Լավ է, բայց սուղ է: Սուղ է Հայաստանը: Թանկ է, ինչպես որ դուք եք ասում: Սկիզբը ավելի լավ էր: Նախ, հայրենիք` իմ եւ ընտանիքիս առաջին գալն էր (մայրս եկած էր երկու անգամ): Ես շատ ոգեւորված էի, որ պիտի գանք հայրենիք, հայրենիքում պիտի աշխատենք թեկուզ հավաքարար, բայց պիտի լինենք հայրենիքի մեջ: Սակայն սրանք հեռվի բաներ են: Այսինքն` հեռու լինելով հայրենիքի կարոտը տարբեր է լինում, որովհետեւ մենք այդպես մեծացել ենք: Բայց երբ որ գալիս ես, տեսնում ես, որ հայրենիքը երկիր է եւ ժողովուրդ է, տեսնում ես լավը, վատը, ա՜, ասում ես, հայը հավաքարար չի՛ կարող լինել, որովհետեւ մեզ մոտ այդպես է. արաբները տեսնում են, որ մենք իրենցից բարձր ենք, իրենց հողի, իրենց երկրի մեջ մենք իրենցից լավ ենք: Մենք չենք կարողանում ընդունել, որ Հայաստանը երկիր է, որ ժողովրդի մեջ ե՛ւ լավը, ե՛ւ վատը կլինի: Մենք չենք ուզի` հայը վատը լինի, հայը չի կարող վատը լինել: Անցյալ օրը երթուղային տաքսու մեջ մի հարց եղավ, գող բռնեցին, պստիկներս շոկի մեջ էին: «Պապա, սա հա՞յ է»,- հարցնում էին: Ասացի` չէ, հայ չէ, որովհետեւ չի կարելի, որ հայը գող լինի, ըստ մեզ: Բայց նորմալ է, ժողովուրդ է, երկիր է, լավ մարդիկ կան: Օրինակ պրոֆեսորի մասին ես ինչ ասեմ, չգիտեմ, մարդը իր տան դռները բացել է մեր առաջ: Պրոֆեսորի պես շատ լավ մարդիկ կան Հայաստանի մեջ, որ իրենց ձեռքից եկածի չափով օգտակար են լինում: Փոխարենը մյուս կողմից կտեսնենք մարդիկ… մանավանդ այդ բրոքերները շատ մեծ պրոբլեմ են սիրիահայերի համար: Դրանք գող են, գող, ուղղակի կողոպտիչ են, այսինքն դրամ կառնեն, ետ չեն տա եւ այլն: Քույրս խնդիր ունի, բարեկամս ունի: Մի բրոքերից երեք հարյուր դոլար առնելիք է, մյուս բրոքերից` հարյուր դոլար: Դրանք այն կանխավճարներն են, որոնք պետք է վերադարձնեն, եթե վարձակալած տունն ազատելուց հետո ամեն ինչ կարգին է: Հիմա նոր ձեւ որդեգրեցին սիրիահայերը, հեռաձայնում են, ասում` ես հիմա ոստիկանություն եմ գնում եւ Սփյուռքի նախարարություն` Հրանուշի մոտ: Դա մի քիչ օգնում է: Անցյալ օրն, օրինակ, հարյուր դոլար վերադարձրեց քրոջս: Դեռ պարտք է:
– Իսկ պրոֆեսորից ու մասնավոր լավ մարդկանցից բացի, պետության կողմից ինչ աջակցություն եք ստացել:
– Նախ ընդունելությունը սահմանում շատ լավ էր (նրանք ավտոմեքենայով են ժամանել-հեղ.): Մենք եկանք վրացական սահմանով, առանց որեւէ մի վճարման մեզ վիզա տվեցին: Դրանից հետո մենք դիմում ներկայացրինք անձնագիր ստանալու համար: Մի քիչ պրոբլեմներ եղան, որովհետեւ մենք Սիրիայից մեր բոլոր փաստաթղթերը չէինք վերցրել: Սփյուռքի նախարարությունը օգտակար դարձավ եւ մենք հավանաբար այս ամիս կստանանք մեր հայաստանյան անձնագիրը: Անցյալ օրը Ֆրանսիայից մի խումբ էր եկել: Երանի այն խմբերում, որոնք օգնություններ են տրամադրում սիրիահայերին, սիրիացի մարդիկ լինեն, որովհետեւ նվազագույնը մի անգամ ուտելու մթերք բաժանեցին, սիրիացիները դրա կեսը չկերան: Ուտելիքի մշակույթի տարբերություն կա մեր եւ ձեր միջեւ: Ամենապարզ օրինակը` մենք ձեր թթուն չենք ուտում, դուք մերը: Դրա համար, եթե սիրիահայ մարդիկ լինեն այդ խմբերի մեջ, իրենք կասեն, որ սա կարելի է, սա նրանք չեն ուտում, որպեսզի այդ գումարները սխալ տեղեր չօգտագործվեն: Ես մի գործ չունեցա, որ դիմեմ ու վատ բանի հանդիպեմ: Օրինակ, անձնագրի տեղը ժպտուն չէր օրիորդը, բայց հարց չկա: Դժբախտաբար Հայաստանում ժպտացողներ քիչ են գտնվում, միշտ ծուռերես են, դա շատ նեղացուցիչ է: Խանութներում նույնիսկ, որ մարդիկ պիտի բան վաճառեն քեզ, չեն ժպտում, դժգոհ են:
– Դրա համար պատճառ ունեն, երեւի:
– Դա կլիշե է դարձել, ամեն հայաստանցի ասում է` իրենք պատճառներ ունեն: Չէ, հեչ մեկ պատճառ չունեն: Ոչ մի պատճառով երես ծռելու իրավունք չունեն, որովհետեւ թշվառ օրեր ամեն մարդ է ունենում, ամեն մարդ լավ եւ վատ օրեր է ունենում: Ահա մենք մեր ամբողջ ունեցվածքը թողել եւ եկել ենք: Հա, եթե փող չունենայինք, չէինք կարող գալ, ինչպես որ մեր ազգականները կամ բարեկամները չկարողացան Սիրիայից դուրս գալ: Պատերազմից ելած ենք, բայց նորից ժպիտ ունի մեր երեսը: Հայրենիքի հողի վրա եք ապրում, Հայաստանի փողոցի այդ ցայտաղբյուրը ամբողջ աշխարհը արժե: Բայց ինչ է, դուք պետք է գնաք ուրիշ երկրնե՞ր ապրեք, հետո վերադառնաք, իմանաք Հայաստանի արժեքը: Հայաստանը շատ աղվոր տեղ է: Մի ամիս առաջ ես Հայաստանում այլեւս չէի կարողանում մնալ, այդքան նեղացած էի: Հիմա կամաց-կամաց կարգավորվում է, կամաց-կամաց կվարժվենք: Ժողովրդին ենք սկսում ճանաչել: Մենք պետք է ճանաչենք, որովհետեւ մենք ենք հյուրը: Այո, մենք հայրենիքի հողի վրա ենք, բայց վերջիվերջո այստեղի ժողովրդի կարգը, կանոնը, օրենքը, մտածելակերպը, վարվելակերպը տարբեր է: Բայց Հայաստանի ժողովուրդն էլ մեզ պետք է ընդունի, ուրախանա, որ սփյուռքահայը կգա Հայաստան, նոր մշակույթ կբերի:
– Այստեղ անբարյացակամ վերաբերմունքի՞ եք հանդիպում, բացի այն, որ չեն ժպտում, որովհետեւ տեղացիներին էլ չեն ժպտում:
– Այո, մանավանդ շուկաներում ասում են` ինչ եք անում այստեղ, մենք պիտի գնանք, դուք ինչու եք եկել: Սա մեզ նեղացնում է: Ու՞ր գնանք, Թուրքիա՞ գնանք: Մենք չենք նեղվում, բայց այս մարդիկ ինչո՞ւ են այսպես մտածում: Ուրիշ բան էլ ասեմ. ամեն մարդ միշտ իր ապրած հողից ուզում է գնալ, կարծում է, որ եթե Մոսկվա գնա, դրախտային կյանք պիտի ապրի: Հետո կգնա այնտեղ եւ կտեսնի, որ չէ, իր ապրած տեղն ավելի լավն է: Այստեղ ամենաբարդը աշխատանքի խնդիրն է: Մենք կուզենք աշխատել, բայց Հայաստանի մեջ միակ գործը հավաքարարի եւ մատուցարարի գործն է: Ուրիշ գործ չկա Հայաստանի մեջ:
– Իսկ առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք: Դիմե՞լ եք կառուցվելիք «Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ստանալու համար:
– Այո, հույս չունեմ, բայց ինչ-որ ամեն մարդ անում է, ես էլ արեցի: Ես այստեղ լսեցի, որ Ադրբեջանից եկած հայերը մինչեւ հիմա տուն չեն ստացել: Գյումրիի կամ Սպիտակի ժողովուրդը երկրաշարժից 25 տարի անց դեռ տուն չունեն, մե՞զ պետք է տուն հասնի: Նախ այդ մարդկանց տվեք, ես վնաս չունեմ, կարծում եմ, գյումրեցին թող իր տունը ունենա, հետո սիրիահայը: Սիրիահայերը դեռ մի քիչ փող ունեն:
«Առաքելություն-Հայաստան» խումբ կա, որ օգնություններ է տրամադրում: Ես իրենց քանի անգամ ասել եմ` կնախընտրեմ այս օգնությունների փոխարեն աշխատանքի ճամփաներ ցույց տան: Այս օգնությունները ժամանակի կորուստ են: Այդ գումարները այլ նպատակների վրա պետք է ծախսել, գործարաններ եւ այլ աշխատանքի պայմաններ ապահովել, քան թե բրինձ, մակարոն տրամադրել: Ինչ որ տաս, սիրիահայը 10 օր կուտի, իսկ մյուս 20 օրը պետք է աշխատի ժողովուրդը:
– Դուք մտադի՞ր եք վերադառնալ Սիրիա, երբ պատերազմն ավարտվի: Թե՞ միգուցե որոշեք այստեղ մնալ:
– Այո, այստեղ ենք մնալու: Կգնամ վաճառելու մեր ունեցվածքը, հուշանվերներս կբերեմ, ու կմնանք Հայաստանում: Լավ է Հայաստանում: Սիրուն է Երեւանը: Մենք ամեն երեկո գնում ենք Հանրապետության հրապարակ: Հրապարակը, Օպերան, Հաղթանակի այգում «Մայր Հայաստան»-ը մեզ համար մեծ արժեքներ են: Ամեն շաբաթ գնում եմ Սարյանի արձանի մոտ: Այնտեղի նկարիչներն ինձ արդեն ճանաչում են: Նկարները դիտում եմ, գները հարցնում: Մի օր այդտեղ մի երիտասարդ բջջայինով էր խոսում: «Մի սպիտակ արձանի մոտ քեզ եմ սպասում»,- ասավ: Ես շատ նեղվեցի, որովհետեւ իմ ութ տարեկան պստիկ աղջիկը շատ լավ գիտի, որ դա Սարյանն է: Մեզնից հետո եկող փոքրիկները հայրենիքի կարոտ չպիտի ունենան: Մենք կարոտով մեծացել ենք, իրենք հայրենիքի մեջ են արդեն: Կմնանք էստեղ: Այստեղի ապրելակերպը տարբեր է, կսովորենք կամաց-կամաց: Բայց շատ սիրիահայեր, ովքեր փող ունեն, պիտի գնան կամ արդեն գնացել են եվրոպական տարբեր երկրներ: Մեր այստեղ գալը մի տեսակ ազդեց տեղացիներին: Ամենապարզը` եթե զույգը պիտի ամուսնանար, 100 դոլարանոց տուն պիտի վարձեր, հիմա չկա 100 դոլարանոց տուն մեր պատճառով, որովհետեւ բրոքերները ասում են` ինչո՞ւ պիտի քեզ տամ, հիմա սիրիացիները կգան, 200 դոլարով կտամ իրենց: Մի քիչ նեղություն ենք: Բայց այսօր շատ մեծ թվով սիրիահայեր եկան եւ իրենց շատ մեծ փողերը բերին այստեղ, տներ ու խանութներ գնեցին: Դա լավ բան էր երկրի համար: Մենք, նորից եմ ասում, այլ մշակույթ բերեցինք, որը Հայաստանի աղն ու համն է: Գալուց առաջ, Սիրիայում մեկն ինձ ասաց` դո՞ւք էլ պիտի գնաք: Ասացի` այո: Ասաց` բայց հայերը Սիրիայի աղն են: Ես էլ ասի` մենք մեր աղը պիտի առնենք, երթանք հայրենիքի ճաշի վրա լցնենք: Մեզ որպես աղ ընդունեցեք: Մենք դա ենք ուզում ժողովրդից: Կառավարությունները կգան ու կգնան, ժողովուրդն է, որ պետք է մնա: Հասկացեք մեզ, օգնեք մեզ: Մեզ օգնեք ժպիտով, երբ որ տեսնեք սիրիահայ է, կանչեցեք, ասացեք` ինչով կարող ենք օգնել: Մենք ուրիշ բան չենք ուզում:
Աննա Զախարյան –
Սեպտեմբեր 3, 2013