panorama.am -Սիրիայում իրավիճակի հնարավոր թեժացման դեպքում Հայաստանը պատրաստ է ընդունել դեռևս պատերազմական երկրում գտնվող մեր հայրենակիցներին: Այս մասին Panorama.am-ին ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Աստված մի արասցե, որևիցե բան լինի Հայաստանը, հայ ժողովուրդը, դուք, ես` բոլորս միասին ողբերգության մեջ հայտնված մեր հայրենակիցներին առավելագույն աջակցություն կցուցաբերենք»,-ասաց Եգանյանը:

Տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ գործող այդ կառույցի ղեկավարը տվյալների չի տիրապետում, թե քանի հայ է մնացել Սիրիայում:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ներկայացմամբ, Հալեպում դեռ մի քանի տասնյակ հազար հայ է ապրում: Նախարարությունն անընդհատ կապի մեջ է համայնքի, դեսպանության, հյուպատոսության հետ:

«Դամասկասում շարունակում են աշխատել ՀՀ դեսպանությունը, Հալեպում` գլխավոր հյուպատոսությունը»,-ասաց Բալայանը:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ասաց, որ հարցերին կարող է պատասխանել ավելի ուշ: