aravot.am – «Սիրիահայ երիտասարդ երգիչ-երգչուհիները, պարուհիները իրենց տաղանդով կզարմացնեն հանդիսատեսին: Նպատակն է ցույց տալ հայերին, որ սիրիահայերը նույնպես տաղանդավոր են եւ սիրում են իրենց հայրենիքը, արդյունավետ աշխատանքներ անելով հայրենիքի համար»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում սիրիահայ երաժիշտների մասնակցությամբ բացօթյա համերգ֊-փառատոնի մասին նշեց սիրիահայ ակտիվիստ, միջոցառման կազմակերպիչներից Վրույր Բիլեմջյանը:

Նրա խոսքով իրենք կստեղծեն նոր կյանք եւ նոր արժեքներ: Հայերի եւ սիրիահայերի միջեւ բարեկամությունը հաստատուն է: Սիրիահայերի մեծամասնությունը հույս ունի, որ Սիրիայի վիճակը կբարելավվի եւ նրանք կվերադառնան, բայց նաեւ մեծ ցանկություն կա մնալ հայրենիքում, ապրել, սովորել, աշխատել եւ արարել: Հայաստանը կհզորանա եւ կզարգանա:

ՄԱԿ-ի հայաստանյան փախստականների գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանի համոզմամբ` միջոցառումը շարունակական է. «Բարի ավանդույթ կա, սիրիահայերը կարծում են, որ կորցրել են Հալեպը, բայց գտել են Հայաստանը: Միջոցառման 90%-ը սիրիահայեր են, նրանք բոլոր ժանրերում են տաղանդավոր:

Մենք մեծ հարստություն ունենք` 10.000 սիրիահայ այսօր մարգարիտ լինելով մեծ շունչ են հաղորդում իրենց ջանասիրությամբ եւ հայրենասիրությամբ: Հայաստանը ոգեշնչման վայր է իրենց համար, արվեստը հարյուրապատիկ անգամ աճել է»: Երգչուհի Զարուհի Բաբայանի խոսքով, երաժշտությունը միավորել է սիրիահայերին եւ արվեստագետներին: Այս միջոցառումը առիթ կլինի, որ սիրիահայերը չվերադառնան Սիրիա, այլ նոր շնչով ու եռանդով մնան հայրենիքում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ