ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա-Հայաստան օդային հաղորդակցության վերականգնումը բացառված չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը: «Այս պահին պաշտոնական ոչինչ չեմ կարող ասել, սակայն աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավոր դառնա օգոստոսի 28-ին Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթ իրականացնել»,-ասաց Հովհաննիսյանը: Նա նաև շեշտեց, որ արդեն երկար ժամանակ է Սիրիայի հետ հաղորդակցության համակարգերը չեն գործում:

Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթները հետաձգվել էին անորոշ ժամկետով: Առաջին և միակ չվերթը կայացել է ապրիլի 16-ին:

Հայաշատ Հալեպի ցամաքային ճանապարհները ևս վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, այնտեղ վերջին շրջանում հայեր են առեւանգվել, հայերի տեղափոխող ավտոբուս է հարձակման ենթարկվել, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն իսկ գրավել են մի քանի շրջաններ: Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք եւս անժամկետ դադարեցվել էին:

Սեդա Մանուկյան