ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Դերզոր քաղաքում բաղումների արդյունքում զոհվել է զինծառայող Մասիս Խաչատուրյանը` ծնված Ղամիշլի քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը:

«Նա մահացել է տեղի ունեցած բախումների ընթացքում»,- նշեց նա: Հալեպում զոհված հայ զինվորի մասին տեղեկությունը, Զարմիկ Պողիկյանի խոսքերով, հաստատված չէ: «Հավանաբար, խոսքը Դերզորում զոհված հայ զինծառայողի մասին է»,-ասաց նա:

Զարմիկ Պողիկյանը տեղեկացրեց նաև, որ կիրակի օրը Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ Բերիայի հայոց թեմի առաջնորդ Շահան սրբազան Սարգիսյանի նախագահությամբ` Սուրբ Աստվածամոր վերափոխման տոնի առիթով, որի ավարտին տեղի է ունեցել խաղողօրհնեք` հոծ բազմության ներկայությամբ: