news.am – Չնայած հալեպահայերին ուղղված բազմաթիվ նախազգուշացումներին՝ լինել առավելագույնս զգույշ, վտանգավոր միջադեպերից խուսափելու համար, նրանցից ոմանք փորձում են լքել քաղաքը եւ հասնել Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Հայ եկեղեցու Բերիո թեմից:

Թեմի ներկայացուցչի խոսքով՝ ցավոք, անզգուշության պատճառով որոշ հալեպահայեր միջադեպերի մեջ են ընկնում, նրանց առեւանգում են: «Այսպիսով, նրանք վնաս են հասցնում իրենց եւ անհանգստացնում մյուսներին»,-ընդգծել են Բերո թեմից:

Վերջին տվյալներով՝ Հալեպ-Երեւան ավտոբուսը կրկին հարձակման է ենթարկվել, 4 հայերի առեւանգել են:

Նշենք, որ Սիրիայի հայ համայնքը սփյուռքի ամենամեծ կառույցներից է, որտեղ մինչեւ վերջերս կար 100 հազար հայ: Հիմնականում հայերն ապրում են Հալեպում (ավելի քան 60 հազար մարդ), Դամասկոսում եւ Լաթաքիայում: