ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի կենտրոնական բանտում հայ բանտարկյալ է մահացել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը: Դեպքի մանրամասները ճշտվում են: «Հալեպում շարունակվում են լսելի լինել ռմբակոծության ձայներ, որոնք գալիս են քաղաքի`զինյալների վերահսկողության տակ գտնվող հատվածներից»,-ասաց նա: Այն հարցին ի պատասխան, թե մարդիկ երկրից հեռանում են Սիրիա-Թուրքիա սահմանով, մեր աղբյուրը նշեց, որ Թուրքիայի սահմանին առևանգման վերջին դեպքերը կասեցրել են երկրից այդ ճանապարհով հեռանալու միտումը:

Անցնած ամիսը հալեպահայերի համար բավականին ծանր է եղել: Հունիսի երկրորդ կեսից մինչև հուլիսի կեսերը Հալեպում վիրավորվել է 12 մարդ` հանկարծակի նետված ռումբերից և պատահական փամփուշտներից: Հալեպի շրջափակումից հետո հիմնական դժվարությունները եղել են անբնական սղաճն ու ապրանքներով ապահովման հարցը: Լուրջ դժվարություններ կան դեղորայքով ապահովման առումով:

Հուլիսի վերջին Հալեպից Բեյրութ ուղեւորված ավտոբուսի գնդակոծման հետեւանքով հայ կին է զոհվել, 17 մարդ վիրավորվել, ապա Հալեպի Նոր գյուղ թաղամասում երեխա է խոցվել պատահական փամփուշտից, իսկ հուլիսի 26-ին զինյալները չորս հայ տղամարդկանց պատանդ են վերցրել, հարձակման ենթարկված ավտոբուսի հայ կանայք Երեւան հասնելու փոխարեն հանգրվանել են թուրքական նահանգի պանդոկներից մեկում: Հուլիսի 28-ի առավոտյան էլ Հալեպից Թուրքիա մեկնող ավտոբուսը կանգնեցվել է զինյալների կողմից, և 14 և 12 տարեկան հայ պատանիներ են առևանգվել, որոնք հետագայում ազատ են արձակվել: