Ռեյիսյանի խոսքով՝ կառավարության եւ ընդդիմության միջեւ թեժ մարտեր են հիմնականում բաց գոտիներում: «Այդպիսի գոտիներում կողմերի միջեւ կատաղի մարտեր են ընթանում, որոնց ժամանակ օգտագործվում են շատ ավելի վտանգավոր եւ ծանր զենքեր»,-ասաց նա:
Խոսելով թուրք-սիրիական սահմանի մոտ առեւանգված երկու սիրիահայ պատանիների ազատ արձակման մասին՝ Ռեյիսյանն ասաց, որ հստակ տեղեկություններ այդ մասին չունի: «Ես տեղեկություններ ունեի, որ նրանց այսօր պետք է վերադարձնեին Սիրիա, սակայն այս պահին տեղյակ չեմ, վերադարձրել են, թե ոչ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տեղյակ չէ, թե ինչ պայմաններով են առեւանգողները համաձայնել հետ վերադարձնել պատանդներին:
Հուլիսի 28-ի առավոտյան Հալեպից դեպի Թուրքիա է մեկնել փոքր ավտոբուս, որում եղել է 3 հայ ընտանիք` 7 կին և 2 դեռահաս: Թուրքիայի սահմանի վրա ավտոբուսը ստիպված է եղել կանգ առնել: Զինյալները առևանգել են 14 և 12 տարեկան պատանիներին, իսկ կանանց ազատ են արձակել: Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ առեւանգված պատանիներն արդեն ազատ են արձակվել եւ վերադարձել են Սիրիա:
Սիրիայում ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ երկու տարուց ավելի շարունակվող հակամարտությանը, ՄԱԿ-ի տվյալներով, զոհ է գնացել ավելի քան 100 հազար մարդ: Հակամարտության հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է մի քանի տասնյակի: Սիրիայից հեռացած մոտ 18 հազար հայերից 10 հազարը հանգրվանել են Հայաստանում, իսկ մնացածը՝ Պարսից Ծոցի արաբական ու եվրոպական երկրներում, Կանադայում, ԱՄՆ-ում եւ այլուր:
