1in.am – Սիրիայի Հալեպ քաղաքի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով վերջին մի քանի օրերին Հալեպ քաղաքում իրավիճակի մասին, ասաց, որ քաղաքի շրջափակումը վերջին երկու-երեք օրերի ընթացքում մի քիչ թուլացել է, որը հնարավորություն է տվել քաղաքի ծայամասերից սննդամթերք բերել կենտրոն: Նա փաստեց, որ այժմ քաղաքի կենտրոնում ընտանիքները կարողանում են ալյուր, կանաչեղեն, կաթնամթերք ձեռք բերել. «Իհարկե սա հարցի վերջնական լուծում չէ, սակայն այս երկու օրերին ժողովուրդը մի քիչ շունչ առավ»:

Պրն. Սելիմյանն ասաց, որ Հալեպի ծայրամասեում շատ խորը ընդհարումներ են, և զինյալ խմբավորումներն ամեն կերպ փորձում են խոչընդոտել խաղաղ բնակչության կարիքները հոգալուն:

Նա շեշտեց, որ իրենք աշխատում են ժողովրդի կարիքները հոգալու համար լավագույնն անել. «Հայ ընտանիքները հիմնականում ապահովված են, և դա մեզ ուժ է տալիս, սակայն մտավախություն կա, թե մինչև երբ կբավարարի մեզ մեր ունեցածը»:

Հարություն Սելիմյանը մեզ փոխանցեց նաև, որ դեռևս լուծված չէ «Կարմիր մահիկի» գործունեության հարցը: Հալեպի շուրջ գտնվող պատերազմական գոտին թույլ չի տալիս, որ այն մտնի Հալեպ և օգնություն ցույց տա վիրավորներին. «Դժբախտաբար, վարձկան զինյալ խմբավորումները միայն թալանում, չարչարում, սպանում են ժողովրդին և այնպիսի կացության մեջ են ուզում դնել, որ մարդիկ լքեն Սիրիան, որպեսզի իրենք կարողանան երկրում ազատ գործել, կատարել իրենց թալանն ու գողությունը»:

Նույն կերպ Հալեպում, ըստ նրա, կանգնած է երթևեկությունը, չկան տրանսպորային միջոցներ, բոլոր փողոցներն ապահովության համար փակված են ավազապարկերով, եղած բենզինն էլ շատ թանկ է:

Նրա մեկնաբանությամբ` Սիրիայի պայքարը ո՛չ ազատագրության, ո՛չ ժողովուրդների խոսքի իրավունքի, ո՛չ էլ քաղաքական դեմոկրատիայի փորձ է. դա պարզապես դիտավորություն է, որի նպատակը Սիրիան կործանելն է:

Հայկական գաղութի վերաբերյալ պրն. Սելիմյանն ասաց, որ հայ ժողովուրդը միասնական է, Հալեպի երեք հայ համայնքապետերի շնորհիվ կարողանում են միասնությունը պահպանել և հուսով են, որ այդ սիրո միջոցով կհաջողվի պահպանել հայկական գաղութը: