ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժշկության ոլորտում իր աշխատանքը լավ կատարելու համար Սիրիայից Հայաստան տեղափոխված թերապևտ-սրտաբան Պողոս Աղոյանն իր անձնական օգտագործման ուլտրաձայնային հետազոտաության ապարատը տարել եւ գործարկում է Թալինի հիվանդանոցում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բժիշկը, սարքավորման բացակայությունը շատ էր դժվարացնում իրենց աշխատանքը և չէին կարողանում հիվանդներին պատշաճ մակարդակով օգնություն ցուցաբերել: «Այս հիվանդանոցում միակ խնդիրը ժամանակակից մի քանի սարքավորումների բացակայությունն է: Ընդհանուր պայմանները լավ են, լավ է նաև գործընկերների վերաբերմունքը իրենց նկատմամբ, սակայն հիվանդանոցը ապահովված չէ ժամանակակից տեխնիկայով ու աշխատելու համար դժվար պայմաններ է ստեղծում»,-ասաց Պողոս Աղոյանը` նշելով, որ որակն ավելի լավացնելու համար լավ կլինի, որ հիվանդանոցը տեխնիկապես զինված լինի:

Թալինի հիվանդանոցը նաև մեկ այլ սարքավորման կարիք ունի, որը խթանում է սրտի աշխատանքը և հնարավորություն է տալիս սրտի ինֆարկտի դեպքում օգնություն հասցնել և հիվանդին տեղափոխել Երևան: Բժիշկ Աղոյանը վստահեցնում է, որ այդ սարքավորման բացակայությունը անչափ դժվարացնում է իրենց աշխատանքը և մի շարք խոչընդոտներ է ստեղծում: «Այնպես չէ, որ մենք դրա բացակայության պատճառով անօգնական ենք թողնում հիվանդին կամ Երևան չենք կարողանում հասցնել, պարզապես եթե լինի այդ սարքավորումը, մեզ ավելի հեշտ կլինի աշխատել և գործի ընթացքում կվերանա արհեստական լարվածությունը, ինչը ևս խանգարում է աշխատանքին»,-նշեց նա:

Հալեպ քաղաքից Ստեփանավան տեղափոխված բժիշկ-գինեկոլոգ Կարինե Բարսեղյանն, ով աշխատում է Ստեփանավանի հիվանդանոցում, նույնպես խնդիր ունի, սակայն այն լուծելու համար մտահոգ է նաև հիվանդանոցի տնօրինությունը: «Մեզ անհրաժեշտ է սիլիկոնե գլխիկով վակումային մաքրող ապարատ (Vacuum extraktor): Հիվանդանոցում ունենք դրա հին տարբերակը, սակայն սիլիկոնե գլխիկով գործիքն անվնաս է»,-ասաց բժշկուհին` ավելացնելով, որ գործիքը շատ մատչելի է և հիվանդանոցն այն ձեռք բերելու ուղղությամբ քայլեր է անում:

Չնայած բժիշկները չեն դիմել Առողջապահության նախարարություն, սակայն այստեղ շատ լավ գիտեն, որ հիվանդանոցներն այդպիսի խնդրի առջև են կանգնած: ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարության վարչության պետ Սամվել Սողոմոնյանը տեղեկացրեց, որ մարզային ոչ մեծ հիվանդանոցներում իսկապես կան խնդիրներ` կապված սարքավորումների բացակայության հետ. կարիք կա ձեռք բերելու ժամանակակից բուժսարքավորումներ: «Դրա համար մենք յուրաքանչյուր մարզում ունենք ամբողջությամբ հագեցած ժամանակակից բժշկական կենտրոն, որպեսզի մարզի բնակիչներն անհրաժեշտության դեպքում օգտվեն այդ հիվանդանոցներից: Իսկ ինչ վերաբերում է փոքր հիվանդանոցներին, ապա այնպիսի տարի չկա, որ մենք գոնե մեկ ժամանակակից սարքավորում չավելացնենք»,-նշեց Սողոմոնյանը: Նա տեղեկացրեց, որ մեր երկիրը նման քայլեր անելու հնարավորություն դեռևս չունի և չի կարող պետական միջոցներով ամբողջությամբ կահավորել այդքան շատ քաղաքային հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ:

Սիրիայում տիրող ներքաղաքական իրավիճակի պատճառով Հայաստան է տեղափոխվել շուրջ 12 հազար սիրիահայ: Նրանցից գրեթե 7 հազարը կրկին վերադարձել է Սիրիա կամ մեկնել Եվրոպա: Հայաստանում մնացած 6 հազար սիրիահայերից շուրջ 600-ն շխատանքի անցնելու համար դիմել են ՀՀ սփյուռքի նախարարությանը, որի անմիջական աջակցությամբ աշխատանքի է ընդունվել շուրջ 200-ը: Առողջապահության նախարարության աջակցությամբ էլ աշխատանքի են տեղավորվել գրեթե 4 տասնյակ բժիշկներ, իսկ մի քանի տասնյակ սիրիահայեր էլ աշխատանքի են տեղավորվել տարբեր ծրագրերով: